Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը պետական մակարդակով հայտարարվել է Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ուղղություն: Այս ոլորտում նորարարությունները, ինչպես նաև դրանց կիրառությունը տնտեսության տարբեր ճյուղերում վերջին տասնամյակներում բնորոշում է համաշխարհային տնտեսության զարգացման կտրուկ աճը: ՀՀ կառավարությունը ՏՏ ոլորտում ներդրումների համար տրամադրում է մի շարք արտոնություններ օտարերկրյա ներդրողներին` ներառյալ կանոնադրական կապիտալում կատարած ներդրումների գծով հարկային արտոնությունները և ներդրումների կատարման խոչընդոտների բացակայությունը: «Օտարերկրյա ներդրումների» մասին ՀՀ օրենքով նախատեսվում է, որ օտարերկրյա ներդրումները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության փոփոխության դեպքում ներդրման պահից սկսած 5 տարվա ընթացքում, օտարերկրյա ներդրողի ցանկությամբ, կիրառվում է ներդրումների իրականացման պահին գործող օրենսդրությունը: ՀՀ-ում նորաստեղծ ՏՏ ընկերությունների համար նախատեսվող արտոնություններից է, օրինակ, նման ընկերությունների նկատմամբ կիրառվող եկամտային հարկի 10% դրույքաչափ, ինչպես նաև շահութահարկից ազատումը: